Ուկրաինացի գործարար Ռինատ Ահմեդովը շնորհակալություն է հայտնել «Դոնբասի ձայնը» ակցիայի մասնակիցներին եւ հայտարարել, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները խաբում են մարդկանց: Այս մասին ասված է նրա մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Ահմեդովն առաջարկում է հետագայում էլ շարունակել պայքարը:
«Վստահ եմ, որ ԴԺՀ-ն խաբում է մարդկանց: Նրանք խաբում են Դոնբասի ժողովրդին: Նրանք խաբեբաներ են, որոնք պատանդ են վերցրել Դոնբասը եւ ահաբեկում են:
Ովքե՞ր են նրանք: Ի՞նչ մարդիկ են: Որտեղի՞ց եկան այդ «հանճարները»: Ո՞վ էին երեկ: Նրանք չեն ստեղծել ոչ մի աշխատատեղ:
Ես ծառայել եմ եւ ծառայելու եմ Դոնբասի ժողովրդին: Դոնբասի ժողովուրդն ընդմիշտ իմ սրտում է», - հայտարարել է գործարարը:
«Վստահ եմ, որ առաջիկայում նրանց պետք է վտարել:
Եթե ձեզանից որեւէ մեկը կարծում է, որ նրանք մեզ դեպի հաջողություն են տանում, սխալվում է: Նրանք մեզ դեպի կործանում են տանում, աղքատության, սովի եւ ցրտի: Իրենց գործողություններով նրանք չեն պաշտպանում Դոնբասը, այլ ոչնչացնում են այն:
«Դոնբասն ու ԴԺՀ-ն տարբեր ուղիներով են գնում», - կարծում է Ահմեդովը:





























