Ընդլայնման մեկնարկից հետո 10 տարիների ընթացքում Եվրամիությունը բոլոր իմաստներով ավելի հարուստ ու անվտանգ է դարձել: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցումը նաեւ ժողովրավարության անդամակցում էր նշանակում: «Ընդլայնումը ձեւափոխմանը ծառայող հզոր գործիք է: Հանձինս իր 28 անդամ-երկրների ԵՄ-ն իր ձայնն ունի աշխարհում: Ընդլայնումը ցույց տվեց, որ առավել միակուռ Եվրոպան մեր նպատակների եւ շահերի իրագործման միակ ճանապարհն է: Ներկայումս 8 այլ երկրներ մեր դռներն են ծեծում», - նշել է Տրայան Հրիստեան` ընդգծելով, որ դա անչափ կարեւոր գործոն է:

Ելույթի ավարտին դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները դեռ զարգանալու են` ի նպաստ Հարավային Կովկասում կայունության, անվտանգության եւ բարգավաճման:

Հիշեցնենք` 2004թ. մայիսի 1-ին Եվրամիության ամենախոշոր ընդլայնումը տեղի ունեցավ: Միաժամանակ համընդհանուր եվրոպական տարածքի անդամ դարձան Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան եւ Սլովենիան: