Թուրքիայի Սոցիալիստական դաշինքի ներկայացուցիչ, Ստամբուլի հայաշատ Բաքըրքեյ թաղամասի թաղապետի նախկին թեկնածու Նվարդ Պաքըրքըօղլուն կարեւորում է Թուրքիայի ձախակողմյան հայացքներ կրող ուժերի եւ ՍԴՀԿ համագործակցության հնարավորությունը: Այս մասին նա նշել է մայիսի 20-ին, Երեւանում ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանի եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Նօր Զարթօնք» հայկական կազմակերպության ներկայացուցիչ Նշան Գյուրեհին: Հաղորդում է ՍԴՀԿ մամլո դիվանը:

Տիկին Պաքըրքըօղլուն ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Թուրքիայում հայության իրավունքների հետ կապված խնդիրները, խոսվեց նաեւ ընտրությունների եւ դրանց ժամանակ հայ թեկնածուի ընտրական իրավունքների բազմաթիվ ոտնահարումների մասին: Վերջինս նաեւ կարեւորել է Թուրքիայի ձախակողմյան հայացքներ կրող ուժերի եւ ՍԴՀԿ համագործակցության հնարավորությունը: ՍԴՀԿ ներկայացուցիչներն իրենց խոսքում նշել են, որ պատրաստ են համագործակցել Թուրքիայի բոլոր այն առաջադիմական ուժերի հետ, ովքեր իրենց կառավարությունից պահանջում են ընդունել դարասկզբի ամենամեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ բացատրական աշխատանք են տանում հասարակության շրջանում՝ Հայ Դատի արդարացիությունը քարոզելու համար:

ՍԴՀԿ ԿՎ անդամ Գեւորգ Պերկուպերկյանն իր խոսքում կարեւորել է, որ Հնչակյան կուսակցության ավելի քան 127 տարվա պայքարն ուղղված չէ թուրք ժողովրդի, այլ Թուրքիայի պետական ֆաշիստական եւ ուրացող քաղաքականության դեմ: