Արագածոտնի մարզի ոստիկանության քննչականի պետ Մարատ Դուրյանը ոչ հերքում ոչ հաստատում է մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ իր գտնվելու մասին լուրերը:

NEWS.am-ի զանգերին սկզբում չէր պատասխանում, անջատում էր, ապա քիչ ուշ պատասխանեց` նշելով, որ ինքը այս պահին քննչական գործունեության է մասնակցում ու խոսելու ժամանակ չունի:

NEWS.am-ի համառ զանգերից հետո Մարատ Դուրյանը դարձյալ հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն` հորդորեց «տեղեկությունը ճշտել 02 լրատվականից»:

Մեր պնդմանը թե ներկա գտնվե՞լ է մայիսի 17-ին Յուվեցի Կարոյի փեսայի կրակահերթին, նա կցկտուր պատասխանեց. «02 լրատվականի միջոցով պարզեք, ոչ ոչ..»:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր հետեւյալը. «Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը՝ Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի փեսան է։ Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին եւ, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է: