Ուկրաինական ոստիկանությունը պարզել է այսպես կոչված «երկնային հարյուրյակից» (Եվրամայդանի` Կիեւի կենտրոնում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհված ակտիվիստները) 46-ի սպանության համար պատասխանատու անձանց ինքնությունը: Այս մասին ոստիկանության եւ դատախազության փակ խորհրդակցության ընթացքում է հայտարարվել: Հանդիպման ընթացքում մահացածների հարազատներին քննության արդյունքների մասին մանրամասն զեկույց է ներկայացվել:
Կասկածյալներից 7-ն այլեւս ձերբակալված են, մնացածները հետախուզման մեջ են գտնվում, հաղորդում է TCH.ua:
Իրավապահ մարմինների ներկայացրած վարկածի համաձայն, կասկածյալները մեծամասամբ «Բերկուտ» ստորաբաժանման նախկին անդամներ են: Նրանցից շատերը ներկայումս Ղրիմում եւ երկրի արեւելյան շրջաններում են թաքնվում:
Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը համոզմունք էր հայտնել, որ Մայդանի ցրման գործողությունները եւ բողոքի ակցիայի մասնակիցների սպանությունները Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն են ղեկավարել:
Միեւնույն ժամանակ Գերագույն Ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար Գեննադի Մոսկալը գտնում է, որ ցուցարարների ուղղությամբ «հասարակական կազմակերպությունների վերասկողությունից դուրս մնացած ներկայացուցիչները» կարող էին կրակ բացել:





























