«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի ձերբակալման 72 ժամն այսօր լրանում է. Առաջիկա ժամերին պարզ կլինի՝ մեղադրանք առաջադրվում է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Առաջիկա ժամերին պարզ կլինի՝ մեղադրանք առաջադրվում է, թե ոչ եւ խափանման ինչ միջոց է ընտրվում: Հնարավոր է՝ կալանավորեն, հնարավոր է՝ եւ ստորագրությամբ ազատ արձակեն»,- ասաց նա:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ի երեկոյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին: Նա ձերբակալված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:




























