Հունաստանը յոթ տարվա ընթացքում ՀՆԱ-ի մինչճգնաժամային մակարդակին կհասնի, 770 հազար նոր աշխատատեղ կունենա եւ կկարողանա քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահովել: Այս մասին երկրի տնտեսության զարգացման նոր նախագծի ներկայացմամբ վարչապետ Անտոնիս Սամարասն է հայտարարել` ելույթ ունենալով իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախընտրական հավաքին:
Սամարասի խոսքով, զարգացման նախագիծը «խորհրդային տիպի» մոդել չի լինելու, որտեղ «պետությունն է ամեն ինչ անում, պլանավորում ամեն ինչ, հետագա միամյակի, հնգամյակի, տասնամյակի գործողությունները բացատրում եւ ի վերջո հիմնահատակ ավերակների բերում ամեն ինչ»:
Վարչապետը խոստացել է 7 տարվա ընթացքում մինչճգնաժամային կենսամակարդակին վերադառնալ: Նրա խոսքով, 2009-13թթ. ընթացքում Հունաստանի ՀՆԱ-ն շուրջ 50 մլրդ եվրո է կորցրել, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:
Սամարասի գնահատմամբ, տուրիզմի, հումքի արդյունահանման, գիտության, հետազոտությունների եւ էներգետիկայի ոլորտների աճի ներուժը առաջիկա 7 տարիներին կարող է 770 հազար նոր աշխատատեղ ապահովել, իսկ ՀՆԱ-ի չափը` 230 մլրդ եվրոյի հասցնել, ինչն ավելի բարձր է, քան երկիրը մինչ ճգնաժամն ուներ:
Վարչապետի համոզմամբ, կառավարության առաջնահերթ խնդիրը գործազրկության ծավալների եւ հարկերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրության հետ կապված ծախսերի կրճատումն է:




























