Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ուկրաինական իշխանություններին «կոշտ գործողություններով» է սպառնացել, եթե չդադարեն LifeNews-ի լրագրողներ Օլեգ Սիդյակինին եւ Մարատ Սայչենկոյին բռնությամբ պահել: Instagram-ի իր միկրոբլոգում Քադիրովը հայտարարել է, որ «խիստ վրդովված է» ռուսաստանցի լրագրողների հասցեին հնչող մեղադրանքներից:
«Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ֆաշիստական մեթոդների կիրառումը: Մենք Սիդյակինի եւ Սայչենկոյի անհապաղ ազատում ենք պահանջում: Եթե Կիեւում չփոշմանեն եւ լրագրողներին թույլ չտան վերադառնալ տուն, մենք մտադիր չենք լռելյայն դիտել, թե ինչպես են ծաղրում մեզ, ծնկի իջեցնում եւ գլուխներիս տոպրակ հագցնում», - ընդգծել է Չեչնիայի նախագահը:
«Մենք իրական ուժեր եւ հնարավորություններ ունենք ազդելու նրանց վրա, ովքեր լրագրողներին անազատության մեջ են պահում: Ուստի խորհուրդ ենք տալիս ազատել լրագրողներին, այլապես ստիպված կլինենք կոշտ քայլերի դիմել», - սպառնացել է Քադիրովը:
Ավելի վաղ Ռամզան Քադիրովը հայտարարել էր Չեչնիայի տասնյակ հազարավոր բնակիչների մասին, որոնք ցանկություն են հայտնում գնալ Ուկրաինա՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու:





























