Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման շուրջ, Եվրամիության երկրների հստակ դիրքորոշումն էր արտահայտում: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` անդրադառնալով արդբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի խրախուսական հրամանների առնչությամբ ԵՄ արձագանքի վերաբերյալ հարցին:

«Մենք հավատում ենք, որ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման շուրջ, Եվրամիության երկրների հստակ դիրքորոշումն էր արտահայտում: Համոզմունք ունեմ, որ նմանատիպ խնդիրներն այսուհետ էլ երկխոսության ճանապարհով են լուծվելու», - նշել է դեսպանը` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններ անել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահվածքի շուրջ:

Հիշեցնենք, որ Քեթրին Էշթոնի մամուլի քարտողար Մայա Կոչիյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ադրբեջանից բացատրություններ է պահանջում, քանի որ պաշտոնական Բաքուն Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք համաձայնություններ է խախտել, ինչը տարածաշրջանային անվտանգության վրա կարող է լուրջ անդրադարձ ունենալ: «Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք կշարունակենք կապ պահպանել ադրբեջանական կողմի հետ` նրանց բացատրությունները լսելու նպատակով, հասկանալու համար, թե ինչու է նման բան պատահել եւ թե ինչու է այդ պահվածքը շարունակական մնում», - ընգծել էր Էշտոնի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք` 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին էին մասնակցում: Եւս մեկ հայ սպայի սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին Ադրբեջան էր արտահանձնել, որտեղ նրան իսկույն ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին հայտարարություն էր հնչեցրել: