Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանին օրերս հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետը:

«Մի քանի օր առաջ հրավիրել են բացատրություն տալու, որը օրենքով սահմանված բան է»,- ասաց նա:

Թե ինչ բացատրություն է տվել, վերջինս հրաժարվեց պատասխանել, միայն նշեց. «Տեղի չունեցածի մասին ինչ պետք է ասես: Քննությունը կկատարվի, բոլորս էլ կիմանանք, քննությունն ամեն ինչի պատասխանը կտա: Ամեն դեպքում ես Արթուր Ալեքսանյանին չեմ ճանաչում, միայն հեռուստացույցով եմ տեսել»:

Նշենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր է նախապատրաստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով iLur.am-ի տվյալները, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը: