Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը,  հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Օմբուդսմենի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք շատ պարզ եւ մատչելի ներկայացրել ենք, որ  ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով: Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ,  շփոթում է «պետական տուրքի» եւ «փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող ծախսեր» հասկացությունները: Եթե դատական ակտի մեկ էջի պատճենահանման առավելագույն ծախսը, օրինակ, կարող է լինել 10 դրամ, ապա Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է դատական ակտի յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ պետական տուրքի վճարման պահանջ: Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման  խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:

Կրկին հորդորում  ենք  Դատական  դեպարտամնտի ղեկավարությանը  փոխել իր գործելաոճը եւ լուրջ քայլեր ձեռնարկել ապօրինի գանձումները  դադարեցնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ օրենքի խախտումը շարունակելը կամ երկարաշունչ հայտարարություններով պարտակելը նախկինում եւս բացասական հետեւանքներ են առաջացրել թե՛ քաղաքացիների եւ թե՛ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարության համար»: