Արտասահմանում ցանկացած հայ դիվանագետ պետք է մշտապես համոզի ներդրումներ կատարել Հայաստանում, մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր հայ դիվանագիտական առաքելությունների աշխատանքի արդյունավետությանը:
Ըստ նրա՝ դեսպաններին պետք է գնահատել ըստ այն բանի, թե որքանով է նրանց հաջողվում ներգրավել ներդրողների: «Թող նրանք ներկայացնեն մեր տնտեսությունը, մեր հարկային դաշտը, կոնֆերանսներ անցկացնեն: Օրինակ՝ Բելառուսի դեսպանը մեզ մոտ ողջ օրը հանդիպում է Հայաստանի ձեռնարկատերերի հետ, համոզում նրանց համագործակցել: Եվ մեր դիվանագետներն էլ պետք է այդպիսին լինեն, որպեսզի այստեղ աշխատատեղեր բացվեն: Որպեսզի մեր հայրենակիցները կարողանան աշխատել՝ չմեկնելով այլ երկրներ», - ընդգծել է Աբրահամյանը:





























