Փոխադարձ վիրավորանքները պլինտուսի մակարդակից ցածր են: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով հատուկ այդ նպատակով արտահերթ ելույթի իրավունք է վերցրել Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) վիճաբանությունից հետո:
«Մենք հավաքվել ենք, որ քննարկենք հասարակության համար շատ կարեւոր ծրագիրը, որից կախված է մեր երեխաների ու ընտանիքների ապագան: Մենք այստեղ չենք եկել դատարկախոսելու համար: Խորհրդարանի ամբիոնը երկրի ամենագլխավոր ամբիոնն է, եւ փոխադարձ վիրավորանքները մեզ ոչ մի տեղ չեն տանում: Եթե մենք փորձում ենք միմյանց վիրավորել, նշանակում է, մեր մակարդակը պլինտուսից ցածր է»,-ընդգծել է Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը քաղաքական գործիչներից կոնկրետ քայլեր է ակնկալում, իսկ բարձրագոչ հայտարարություններով գործին չեք օգնի: «Ի տարբերություն Ձեզ, քաղաքական մեծամասնությունը եւ երկրի ղեկավարությունը ականջալուր են լինում առողջ առաջարկներին, բայց ոչ տատիկի հեքիաթներին: Շատ ուրախ եմ, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք այս ամբիոնից կառուցողական առաջարկներ են անում, եւ ի տարբերություն Ձեզ, տեսնում են այն առաջընթացը, որը գրանցել է նոր կառավարությունը մեկ ամսում: Մենք չենք եկել այստեղ իրար վիրավորելու: Եթե ընդդիմությունը չի ցանկանում համագործակցել, դա իրենց խնդիրն է: Դուք դրանով ձեզ եք վնասում: Մենք առաջարկում ենք դուրս գալ քաղաքական լուսանցքից, իսկ ձեր մշտական քաղաքական բոյկոտը խոսում է այն մասին, որ քաղաքական դաշտը ձեր տեղը չէ»,-ընդգծել է Շարմազանովը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























