Հայաստանի կառավարությունը թշնամիներ չունի, եւ նրա դեմ չպետք է պատերազմել բարիկադներում, մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարիք չկա մտնել Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատության» կերպարի մեջ եւ ներկայանալ ողջ հմայքով: Կոչ եմ անում ձեզ հեռանալ բարիկադներից եւ միասին ստեղծել տնտեսություն, բարելավել մեր ժողովրդի սոցիալական կյանքը», – ասել է Աշոտյանը: Ցավոք, հավելել է նա, ընդդիմությունն իշխանությանը դիտարկում է որպես դասակարգային թշնամի, եւ այստեղ է նրա սկզբունքային տարբերությունը իշխանության կուսակցությունից, որը ոչ դասակարգային թշնամիներ, ոչ ընդհանրապես թշնամիներ չի հաշվում: 

Աշոտյանը, որը մրցակիցների կողմից «Facebook»-ում ակտիվության համար  անվանվել է «սոցցանցերի նախարար», հայտարարել է, որ դա ակամայից է անում՝ ագրեսիվ քաղաքական մթնոլորտի պատճառով:  «Ցանցում, ցավոք,  իմ լսարանն ավելի մեծ է, քան մի քանի քաղաքական ուժերի  ընտրազանգվածը: Եթե այդպես շարունակվի, ապա 2017 թ.  մեծ հարց կծագի՝ կհայտնվեն արդյոք այդ ուժերը խորհրդարանում:  Եկեք այդ ժամանակ բոլորս հավաքվենք խորհրդարանի առաջ եւ «սելֆի» անենք: Թեկուզ այդպիսի հիշողություն կունենաք խորհրդարանում ձեր աշխատանքից:  Թե չէ, ով գիտի՝ երբ միասին հավաքվելու առիթ կլինի», - հեգնանքով հավելել է Աշոտյանը: