ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հույս ունի, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո հնարավոր կլինի գործնականում առաջ տանել ՀՀ-ԵՄ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ունեցող խնդիրները: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարել է նա՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ-ի քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո հնարավոր կլինի խորացնել համագործակցության ոլորտները, ինչպես նաեւ զարգացնել քաղաքական եւ միջկուսակցական հարաբերությունները: Նիկոլաս Բրիեքը պարոն Զաքարյանի խնդրանքով մանրամասն ներկայացրել է նախընտրական զարգացումները Եվրախորհրդարանի ընտրություններում: Անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը, մասնավորապես Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի հետագա դիրքորոշումներին:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, այդ հարցում Հայաստանի ակնկալիքները, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարները: Կողմերը խոսել են ԼՂ-ի շուրջ ընթացող զարգացումների եւ դրանով պայմանավորված տարածաշրջանային խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել ներքաղաքական մի շարք հարցերի, մասնավորապես նորաստեղծ կառավարության գործունեությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Զաքարյանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրադրությունը կկայունանա նախագահական ընտրություններից հետո, ինչը հնարավորություն կտա զարգացումները հնարավորինս կանխատեսելի դարձնելու: