«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Նորայր Հարությունյանը, որը, ըստ նախնական վարկածի, վեճի մեջ է մտել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի հետ, հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո բարձր ճնշում ու ջերմություն ունի: Այս մասին NEWS.am-ին մայիսի 21-ին հայտնեցին Նորայրի ընկերներն ու հարազատները, որոնք հավաքված էին նրա հիվանդասենյակի մոտ:
«Ոտքի վերքից թարախ է գալիս, ջերմություն ունի, նյարդային վիճակից ճնշումը բարձրանում է: Սպասում ենք՝ երբ է մեր ընկերը լավանալու, որ վերադառնանք այնտեղ, որտեղից եկել ենք, ու մոռանանք այս պատմությունը»,-ասաց Նորայրի ընկերներից մեկը: Նշենք, որ Նորայր Հարությունյանը Ախալքալաքից է։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գոռ Առաքելյանի դեմ հարուցվել է մեղադրանք՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով, նա կալանավորված է։





























