Ինքնաձիգներով զինված հանցագործները Ուկրաինայի Մարիուպոլում 15 րոպեի ընթացքում երեք բանկ են թալանել, փոխանցում է Ուկրաինայի ТСН հեռուստաալիքը: Հանցագործները հափշտակել են 50 հազար գրիվնա:
Գողերը հինգն են եղել, երեք բանկն էլ թալանել են նույն սխեմայով` սպառնացել ինքնաձիգներով, հրամայել հանել փողերը գանձարկղից: Ըստ չհաստատված տեղեկության` կողոպտված բանկերի շարքում են «Յուժկոմբանկի» եւ «Նադրա» բանկերի մասնաճյուղերը: Քանի որ քաղաքում մշտապես գողեր են վխտում, բանկերում խոշոր գումարներ չեն պահվում: Այդ պատճառով էլ հանցագործները թալանել էին ընդամենը 50 հազար գրիվնա (4260 դոլար):
«Նովոստի Մարիուպոլյա» կայքը նշում է, որ քաղաքում բանկերի մեծ մասը փակվել է:
Բացի թալանից` Ուկրաինայի խռովություններով բռնկված մարզերում հաճախադեպ են դարձել միտումնավոր հրդեհները: Մայիսի սկզբին Մարիուպոլում այրվել էր «Պրիվատբանկի» մասնաճյուղը: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չէր տուժել: Նույն օրը Մարիուպոլում փողոցային մարտեր էին կայացել ռուսամետ ակտիվիստների եւ Ուկրաինայի միասնականության կողմնակիցների միջեւ:





























