Եվրամիությունը խորը ճգնաժամ է ապրում եւ, կառույցի զարգացումն ու եվրոպական քաղաքակրթության պահպանումը երաշխավորելու նպատակով, կառուցվածքային փոխակերպումների կարիք ունի: Այս մասին Նիկոլա Սարկոզիի` Le Point շաբաթաթերթում հրապարակված մեկնաբանություններն են նշում: Հրապարակումը Եվրախորհրադարանի ընտրություններին ընդառաջ է նշանավորվում:

Սարկոզիի համոզմամբ, եվրոպական կառույցի բարեփոխման անկյունաքարը «միացյալ ֆրանս-գերմանական տնտեսական գոտին» պետք է դառնա, ինչպես նաեւ սահմանային ռեժիմի մասին նոր պայմանագիրը, որ պետք է գործող Շենգենյան համաձայնությանը փոխարինելու գա:

«Մենք այնպիսի միացյալ Եվրոպայի համար չէինք պայքարում, որտեղ գրեթե համակարգված կերպով, ի վնաս Ֆրանսիայի շահերի, սոցիալական եւ միգրացիոն դեմփինգ է իրականացվում: Եթե առաջիկա տարիներին հրատապ քայլեր չձեռնարկենք, գործող հանրային պայմանագիրը փլուզման եզրին կկանգնի», - ընդգծել է Սարկոզին:

Խոսելով հանուն եվրոպական միասնության ամրապնդման Ֆրանսիայի եւ Գերմանիայի էլ ավելի մերձեցման հնարավորությունների մասին, նախկին նախագահը հատուկ նշել է, որ երկու երկրները պետք է հատկապես տնտեսական ոլորտներում առավել սերտ համագործակցություն ծավալեն:

«Եթե Եվրամիության երկու ամենախոշոր տերությունների ընտրությունը հօգուտ տնտեսական եւ հարկային միակցման լինի, եվրոյի գոտին կարող է լիարժեքորեն ամրապնդվել, ինչը մեր մայրցամաքի համար կայունություն կապահովի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, համոզմունք է հայտնել Սարկոզին: