Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային վեճի հետ կապված՝ Եվրամիությունը մտադիր է միջոցառումների համալիր մշակել՝ ուղղված Ռուսաստանից գազամատակարարման դադարեցման պարագայում էներգոդեֆիցիտը հաղթահարելուն:

Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթինգերի խոսքով՝  պլանը տվյալներ կներառի «աղբյուրների բազմազանեցման, երթուղիների եւ մատակարարների մասին», հայտնում է Deutsche Welle-ի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:

Փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է: Դրանում մասնավորապես խոսվում է  գազապահեստների համալրման մասին, արտակարգ իրավիճակներում գործողությունների ազգային պլան մշակելու եւ Եվրոպայի արեւելքում ԵՄ անդամ երկրների գազամատակարարումն ապահովելու մասին: Եվրոպայի արեւելյան որոշ երկրների, օրինակ՝ Բուլղարիայի եւ Էստոնիայի գազամատակարարումը 100 տոկոսով կախված է Ռուսաստանից: Լեհաստանի գազի 60 տոկոսն է ապահովում Ռուսաստանը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը  Բրյուսելում էներգետիկայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսում ներկայացրել է այսպես կոչված «Էներգետիկ միության» պլանը, որը առաջարկում է գազային «ստրկությունից» ազատվել Եվրոպայում տրանսազգային գազատարների եւ գազապահեստների կառուցման շնորհիվ: