Ամերիկյան հատուկ ծառայությունները Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործունեության լրտեսում են իրականացրել, ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերի բովանդակությունն է վկայակոչում ավստրիական Presse պարբերականը: Մասնավորապես, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությանը արտաքին քաղաքական գործունեությանը եւ սպառազինություններին վերաբերող հարցերն են հետաքրքրել:

«Համաձայն փաստաթղթի, առաջնայնության չորրորդ մակարդակով հետաքրքրության օբյեկտ է հանդիսանում ԵԱՀԿ-ի արտաքին քաղաքական գործունեությունը, իսկ սպառազինությունների վերահսկմանը վերաբերող հարցերը երրորդ մակարդակին են վերագրվում», - հոդվածից մեջբերում է արել «Ռոյթերս» գործակալությունը:

Նշվում է, որ ազգային անվտանգության գործակալությունը, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով, նաեւ ավստրիական հետախուզական ծառայությունների հետ է համագործակցել: «ԱՄՆ հատուկ ծառայությունները համացանցի` Վիեննայում գտնվող ենթակառուցվածքային հանգույցին են միացել եւ գլխավոր օպտիկա-մանրաթելային մալուխով անցնող տեղեկություններ որսացել»: Լրտեսները ստացված տեղեկություններով ավստրիական հետախուզական մարմինների հետ են կիսվել:

Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենը հայտարարել էր, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետախույզները հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպիսիք են Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը, նամակագրություններն են լրտեսում: