Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր՝ մայիսի 22-ի գիշերը, երեք գայլ հոշոտել են 22 մայրացու ոչխարի: Այս մասին NEWS.am-ին ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
«Երեք գայլ գիշերը 02:00-ի սահմաններում մտել են մեր գյուղի բնակիչ Ամատունի Խաչատրյանի տուն եւ հոշոտել են 22 մայրացու ոչխարների, մեծ մասը սատկել են, իսկ մի մասն էլ վիրավոր է, սակայն ապրելու ենթակա չեն»,- ասաց նա:
Տուժած Ամատունի Խաչատրյանի որդին՝ Արշալույս Խաչատրյանը, NEWS.am-ին պատմեց, որ ոչխարները ձեռք է բերել վարկով:
«Մեքենան վարկի տակ էի դրել, վարկ էի վերցրել 3500 դոլարի եւ էս ոչխարներն էի գնել, բայց հիմա չգիտեմ, թե ինչ անեմ: Սաղ կյանքներս աշխատում ենք, որ նորմալ ապրենք, բայց դե գայլը եկավ տարավ»,- ավելացրեց նա:
Թե ինչ օգնություն ցույց կտա մարզպետարանը, դեռ հայտնի չէ:





























