Նոր մանրամասներ են հայտնի դարձել կնոջ կողմից ազատազրկման դատապարտված ամուսնուն թմրամիջոցներ հասցնելու գործի վերաբերյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները Երեւանի Պ. Սեւակի փողոցի թիվ 58 տան մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ իրացնելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել 34-ամյա Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել էր մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված եւ 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 31-ամյա Արեւիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:

Պարզվել էր նաեւ, որ Արեւիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել եւ լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 57-ամյա Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ոստիկանության ծառայողների պահանջով ապրիլի 29-ին Արեւիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» դեղամիջոցի 30 հաբ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ Արեւիկ Շ.-ն այս տարվա ընթացքում 4 անգամ խոշոր չափի մարիխուանա թմրամիջոց է ձեռք բերել 67-ամյա Էլզա Մ.-ից, որը մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Հրազդանի բաժինների ծառայողների կողմից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: