Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն արդեն երկու շաբաթ հրաժարվում է քանդել բերանը կարերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

«Ոչ մի փոփոխություն չկա, հրաժարվում է կարերը քանդել: Առայժմ վիճակը ծանր չի գնահատվում, բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասացին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը այս քայլին է դիմել, երբ մայիսի 8-ին մեղադրողը պահանջեց 18 տարվա ազատազրկում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: