Լեհաստանը չպետք է «հակառուսական արշավանքի առաջավոր գծում» լինի, կամ որեւէ այլ «խաչակրաց արշավանք» նախաձեռնի Ռուսաստանի դեմ, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Լեհաստանի կառավարության ղեկավարը գտնում է, որ Վարշավան ներկայումս ուժեղ դիրքեր է զբաղեցնում Եվրոպայում, քանի որ վերջին տարիներին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նկատմամբ «ռացիոնալ, առանց էմոցիաների» քաղաքականությամբ է ուղղորդվել:
Նրա խոսքով, Ղրիմի` Ռուսաստանին միակցումից հետո իրադրությունը փոխվել է, ուստի «Լեհաստանը միացել է այն երկրներին, որոնք արեւմտյան աշխարհից ՌԴ-ի հանդեպ հաստատական վերաբերմունք են ակնկալում», հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:
«Սակայն ցանկանում եմ ամենայն հստակությամբ նշել, որ քանի դեռ որոշում կայացնող անձանց շրջանակին եմ պատկանում, Լեհաստանը ագրեսիվ հակառուսական հայեցակարգ չի իրականացնելու», - հայտարարել է Տուսկը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ: «Սա պատերազմ է: Միգուցե` մի փոքր այլ տիպի, քանի որ պատերազմական գործողություններ չեն հայտարարվել: Բայց, ամեն դեպքում, դե-ֆակտո պատերազմի հետ գործ ունենք», - ասել էր Լեհաստանի վարչապետը:





























