ԱՄՆ վարչակազմը Չինաստանի` Հարավչինական ծովի շելֆի հատվածում ածխաջրածնային հումքի որոնողական աշխատանքները «սադրիչ» է համարում: Այս մասին պաշտոնական տեսակետը պետքարտուղար Ջոն Քերրին է հայտնել` Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Վիետնամի հետ վիճարկվող ջրային տարածքներում նավթարդյունահանման հենակետ եւ մի քանի նավեր տեղակայելու վերաբերյալ Չինաստանի կառավարության սադրիչ որոշման առնչությամբ», - հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքով, «որոշումը կարող է տարածաշրջանում լարվածության աճի եւ Վիետնամում` արտասահմանյան քաղաքացիների եւ ընկերությունների իրավունքների խախտման հանգեցնել», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քերրին կողմերին «հանգստություն պահպանելու եւ իրադրության լիցքաթափմանն ուղղված քայլեր ձեռնարկելու» կոչ է արել: Նրա համոզմամբ, «կողմերը պետք է իրենց պահանջները միջազգային իրավունքին համապատասխան ներկայացնեն եւ վիճելի տարածքների շուրջ փոխհամաձայնության հասնեն»:

Հիշեցնենք` այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Չինաստանը միակողմանի որոշմամբ Հանոյի եւ Պեկինի միջեւ վիճարկվող Պարասելյան կղզիների ջրային տարածքում ածխաջրածնային հումքի պաշարների ուսումնասիրման աշխատանքներ էր մեկնարկել, Վիետնամի բոլոր խոշոր քաղաքներում, ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, բազմահազարանոց ցույցեր էին կազմակերպվել, որոնք ի վերջո չինական կապիտալը ներկայացնող ձեռնարկությունների տարածքում ջարդերի ու ավերածությունների պատճառ էին դարձել: