Եկատերինբուրգ-Պասսաժիրսկի երկաթգծային կայարանում հերթապահող ոստիկանները գնացքից առյուծ են իջեցրել, որն, ըստ թղթաբանության, պետք է «կատու» լիներ:

Օրինապահները տեղեկություն էին ստացել, որ ուղեւորատար գնացքում առանց դնչկալի, անհանգստության նշաններ ցույց տվող երիտասարդ էգ առյուծ է մռնչում:

«Ոստիկանները համոզվել են, որ գնացքի կուպեներից մեկում 9 ամսական եւ 50 կգ քաշ ունեցող առյուծ է պահվում: Ավելի ճիշտ` փորձում են պահել», Ուրալի դաշնային օկրուգի ճանապարհային ոստիկանության վարչությանը վկայակոչելով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնագետները ստիպված են եղել քնեցնել ու այնուհետեւ` մեկուսացնել կենդանուն: «Ներկայումս նրա տիրուհին բացատրություններ է տրամադրում առ այն, թե ինչպես է փաստաթղթերով «կատու» ձեւակերպված առյուծը գնացքում հայտնվել», - տեղեկացրել են ՆԳՆ վարչությունից: