Ի՞նչ իրավունքով է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը գնահատականներ տալիս, երբ ընդամենը գործի 20-30 էջն է հետազոտվել: Տուժող կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դերասանի փաստաբաններին կարծես թե կարիք կա Քրեական օրենսդրություն բացատրելու:
«20-30 էջ է դեռ հետազոտվել, փաստաբանն ի՞նչ իրավունքով է գնահատական տալիս, ոչ մեկը չի կարող ներկա պահին գնահատականներ տալիս, ամեն ինչ իր ժամանակն ունի: Նման իրավունք ոչ մեկը չունի. ոչ Նիկոլայ Բաղդասարյանը, որը միջնորդության ժամանակ ցուցմունքներ է ներկայացնում, ոչ էլ ֆրանսիացի փաստաբանը: Կարծես անհրաժեշտություն կա նրանց բացատրել Քրեական օրենսդրությունը»,- ասաց նա:
Տուժող կողմի փաստաբանին չի բավարարում ընթացող դատավարությունը: Նա համոզված է, որ «պաշտպանական կողմը շոու է սարքում»:
«Ոչ թե փորձում են տուժող կողմի հետ հաշտվել, այլ դնում, օրերն են հաշվում: Իմ պրակտիկայում հազարավոր գործեր են եղել նմանատիպ, սակայն երբեք չի եղել, որ մեղադրյալը դնի եւ տուժող կողմի հետ հանդիպումների օրերն ու ժամերը հաշվի»,- նշեց Ռուբեն Բալոյանը:
Այսքանից հետո հաշտության մասին խոսելը փաստաբանն ավելորդ է համարում, քանի որ այլեւս ոչ մի հանդիպում կողմերի միջեւ չի լինելու:
Անդրադառնալով Գյուղնախարարության ներկայացրած հայցին, որով դերասանից 2 մլն 600 հազար դրամ են պահանջում՝ Ռուբեն Բալոյանն ընդգծեց, որ այդ հայցի մասին խոսելը դեռ վաղ է:
«Երեւի թե դրան կանդրադառնանք միայն հաջորդ տարի, որովհետեւ դատավարությունը կրիայի քայլերով է առաջ գնում»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























