Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ռազմական դրություն է մտցվել:
Հիշյալ որոշման կապացությամբ հանրապետության իշխանությունները 18-ից 45 տարեկան տղամարդկանց համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել, ԼԺՀ-ի մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Մինչ այդ, մարզային ոստիկանության հաղորդմամբ, Ռուբեժնոյե եւ Լիսիչանսկ քաղաքների շրջանում մայիսի 22-ի առավոտյան ժամերից Ուկրաինայի ազգային գվարդիայի եւ հարավ-արեւելքի բանակի մարտիկների միջեւ բախումներ են ընթանում:
Հաղորդվում է, որ մարտերի ընթացքում պայթեցվել է Հյուսիսային Դոնեց գետի վրայով անցնող կամուրջը:
«Ներկայումս մարտերը շարունակվում են», - հաղորդել է Լուգանսկի մարզի ՆԳՆ վարչության ներկայացուցիչները մեկը` հավելելով, որ ուկրաինական ուժայինների կողմից վիրավորներ կան:
Մայիսի 21-ի երեկոյան հարավ-արեւելքի բանակի միացյալ շտաբից հայտնել էին, որ Լուգանսկը ազգային գվարդիայի կողմից գրոհի է պատրաստվում:
«Լուգանսկում Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից գրոհի են սպասում: Քաղաքի ուղղությամբ խոշոր մարտական շարասյուն է ընթանում, որի կազմում շուրջ 2 հարյուր միավոր տեխնիկա եւ 2 հազար զինծառայողներ կան», - հայտարարել էր շտաբի ներկայացուցիչը: Նրա կողմից ներկայացված վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայի ազգային գվարդայի շարասյունը Լուգանսկի անմիջական հարեւանությամբ` Բելոյե բնակավայրում է գտնվել:





























