Դոնեցկի մարզի Ստարոբեշեւսկի շրջանի Սոլնցեվո գյուղի մոտով ուկրաինական ուժայինների 28 մեքենաներից բաղկացած շարասյուն է անցել` Դոնեցկի ուղղությամբ:
Բացի այդ, ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ, նախօրեին ուկրաինական զրահատեխնիկայի` Խարկովից Իզյում բնակավայրի ուղղությամբ տեղաշարժ է նկատվել: Ինքնապաշտպանական ուժերի շտաբի տվյալներով, ուկրաինական ուժայինները Սլավյանսկի եւ Դոնեցկի շուրջ կուտակումներ են նախաձեռնել:
Ավելի վաղ Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են երկրի արեւելքում իրականացվող հատուկ գործողության «եզրափակիչ փուլին» անցնել: Մայիսի 21-ին նա հատուկ գործողության` Սլավյանսկի մոտ տեղակայված ռազմական ճամբարում ուժայինների մասնակցությամբ խորհրդակցություն էր վարել:





























