«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված երիտասարդներից մեկի անունը Ներսես Մելքոնյանն է, ոչ թե Նորայր Հարությունյան, ինչպես ներկայացնում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց վիրավորվածի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Փաստաբանի խոսքով՝ Ներսեսն այժմ վկայի կարգավիճակով է, սակայն նրան տուժող ճանաչելու հիմքեր կան:
«Ներսես Մելքոնյանը Հայաստան է եկել դեպքից երկու-երեք օր առաջ: Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Հայաստան էր եկել քիթը վիրահատելու համար: Լավ մարդ է, հանգիստ բնավորություն ունի»,- նշեց Արմեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ Ներսեսն ամուսնացած է եւ ունի անչափահաս երեխաներ:
Նշենք, որ Ներսես Մելքոնյանին մայիսի 21-ին տեղափոխել են հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գոռ Առաքելյանի դեմ հարուցվել է մեղադրանք՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով, նա կալանավորված է։





























