Անհնար է, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չիմանա, որ կառավարության անդամները զբաղվում են բիզնեսով, քանի որ հենց ինքը՝ վարչապետն էլ բիզնեսներ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ինքը տղյակ չէ, որ իր կառավարությունում բիզնեսով զբաղվող մարդիկ կան:
«Ո՞նց կարող է չիմանալ, եթե ինքն էլ է բիզնեսով զբաղվում, նախագահ Սերժ Սարգսյանի մոտիկ շրջապատն էլ, որոնք պետական պաշտոնյաներ չեն, սակայն նախարարները, մարզպետները, նույնիսկ գյուղապետերն էլ են բիզնեսով զբաղվում, սա ընդամենը PR քայլ է, ասեմ ավելին՝ չհաջողված PR քայլ: Երեւի թե հայտարարություն է անում հայտարարություն անելու համար: Մեկ է գիտի՝ ինքը դրա համար չի պատժվելու»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ գործարար պաշտոնյաների մասին է վկայում նաեւ այն, որ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը գործարարների հետ գերակշռում էին հենց պատգամավորներն ու նախարարները:
«Հովիկ Աբրահամյանն արդեն 20 տարի քաղաքականության մեջ է եւ շատ լավ գիտի, թե ովքեր բիզնես ունեն: PR ակցիա է անում ընդամենը»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բիզնեսում բոլորի համար հավասար պայմաններ են լինելու: Իսկ խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետը զարմացավ, երբ պատգամավորները նրան հարցրին գործարար նախարարների մասին: Նա հայտարարեց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին:




























