Ալբանիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Մինաս Մարտիկյանը հարցազրույց է տվել ալբանական «Ջավա» պարբերականին:
Խոսելով հայ-ալբանական հարաբերությունների մակարդակի մասին` Մինաս Մարտիկյանը նշել է, որ պետք է համաձայնել, որ չնայած քսան տարուց ավել է, ինչ երկու պետությունների միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ (1993թ. փետրվարի 18-ին), սակայն երկկողմ համագործակցության մակարդակը բավականին ցածր է: Փոխայցելությունները հաճախակի չեն, եւ մենք բոլորս ունենք լայն հարթակ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Ներկայումս Ալբանիայում ՀՀ դեսպանն է Գագիկ Ղալաչյանը (2010թ. հունիսի 20-ից), Հայաստանում Ալբանիայի դեսպանը` Դաշնոր Դերվիշին (2012թ. հուլիսի 3-ից):
Որոշ չափով դեսպանությունների աշխատանքը կարող է դյուրացնել համապատասխանաբար Երեւանում եւ Տիրանայում պատվավոր հյուպատոսների նշանակումը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Սփյուռքի հայերի միջեւ կապող օղակ հանդիսացող մարմիններին` Մինաս Մարտիկյանն ասել է, որ ազգային պետության բացակայության երկարամյա ժամանակահատվածում հայպահպանման դեր ստանձնեցին մեր հոգեւոր կառույցները, հաճախակի հանդիսանալով նաեւ ազգային իշխանության կառույցներ, կրթական եւ մշակութային հաստատություներ:
Նման բան կա եւ Ալբանիայում, ուր գեգերի ու տոսկերի ալբաներենը բավականին տարբերվում է իրարից: Եթե հայերի մոտ առանցքն անցել է արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, Ալբանիայի պարագայում` հյուսիս-հարավ:
Խոսելով ալբանահայության մասին` Մինաս Մարտիկյանն ընդգծել է, որ դեսպանության կազմը ամեն կերպ փորձում է նոր լիցք եւ աշխուժություն տալ դեսպանություն-ալբանահայ համայնք հարաբերություններին: 2012թ. ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը Ալբանիայի անկախության 100-ամյակի միջոցառումների կապակցությամբ նախագահի Բույառ Նիշանիի հրավերով այցելեց Տիրանա, ուր նաեւ հանդիպում ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ալբանահայերի հետ, եւ փոխադարձաբար փորձ է արվում հնարավորինս աջակցել իրար տարբեր հարցերում:
Ալբանիայում հայի մասին առաջին հիշատակումը վերաբերում է Հովհաննես բեյ Թաբիբյանին` 1875-1885թթ. Շկոդեր քաղաքի հիվանդանոցի բժշկապետին: Հայերի հիմնական հոսքը Ալբանիա տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության արդյունքում, երբ փրկված փոքրաթիվ հայ գաղթականները ապաստան էին որոնում տարբեր երկրներում: Եվս մեկ ալիք եղավ անցյալ դարի 30-ական թվականներին, երբ որոշ քանակությամբ հայեր գաղթեցին Ալբանիա նաեւ եվրոպական երկրներից:
Ներկայումս Ալբանիայի հեռուստառադիոընկերություն նախաձեռնությամբ նկարահանվում է վավերագրական ժապավեն Ալբանիայի հայկական համայնքի անցյալի ու ներկայի մասին:
Մինաս Մարտիկյանն ընդգծել է, որ ցանկանում է երկու երկրների առջեւ կանագնած խնդիրների շուտափույթ լուծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարում եւ դրա արդյունքում բոլոր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովում ու երկողղմ հարաբերությունների զարգացում: Այդ դեպքում նաեւ մեզ կապող ամենահուսալի դարավոր կամուրջը` ալբանահայ համայնքը, կլինի ամուր եւ անսասան: Միաժամանակ, մեր կապերի սերտացման եւ զարգացման ամենակարճ ուղին էլ անցնում է այդ կամրջով: Եվ այն ամրապնդելու գործում մենք բոլորս դեռ անելիքներ ունենք: Հարցազրույցի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:





























