«Կարֆուր» հիպերմարկետի ներկայացուցիչների հետ կարելի է բանակցություններ վարել, եւ նրանց օգնությամբ հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա դուրս բերել, մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ «Կարֆուրի» գործունեությունը կարող է ունենալ եւ դրական եւ բացասական հետեւանքներ: «Դրական այն տեսանկյունից, որ գործ կունենանք առեւտրի քաղաքակիրթ պայմանների եւ մատչելի գների հետ: Սակայն մտավախություն կա, որ այդպիսով մենք կվնասենք տեղական արտադրողին: Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի, որպեսզի մեր արտադրության վիճակը չվատանա, եւ մրցունակությունը պահպանվի», - նշել է Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի ստեղծմամբ նույնպես փոքր եւ միջին խանութներ փակվեցին: Սակայն մանրածախ գնումների համար մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի եւ չեն գնա սուպերմարկետ, իսկ մեծ խանութներն օգտակար են մեծ գնումների դեպքում:
«Մենք պետք է կարողանանք հավասարակշռել մեր եկամուտները եւ կորուստները: Ցավոք, մեր արտադրությունը արտահանվում է հիմնականում ՄՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան, սակայն Ֆրանսիայում մենք մեծ համայնք ունենք, որը, կարծում եմ, «Կարֆուրի» հետ հաջող բանակցությունների դեպքում, ուրախ կլինի հայկական ապրանքներ ստանալ», - նշել է Վազգեն Սաֆարյանը:
«Կարֆուրը» Հայաստանում կբացվի այս տարվա աշնանը՝ «Երեւան Մոլ» առեւտրաժամանցային համալիրում:




























