Լեռնային Ղարաբաղում մայիսի 20-ին հակառակորդի գնդակի մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արթուր Օհանջանյանի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որն է՝ սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արթուր Սեյրանի Օհանջանյանը, որը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից էր: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: