Ադրբեջանական գերությունից վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստը հանրահայտ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Խոջոյանին կերոսին են ներարկել:
Նախարարը հորդորել է սպասել մինչև իրավապահ մարմինները իրենց աշխատանքը կվերջացնեն եւ կհրապարակեն անհրաժեշտ նյութերը:
Մուրադյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանը բազկի բազմաբեկոր վնասվածքներ է ունեցել, վիրահատվել է, մայիսի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ հետո գտնվել է բժիշկների հսկողության ներքո: «Վերջին 3 շաբաթվա ընթացքում 3 անգամ նրանց է այցելել բժշկական խումբ՝ երեք մասնագետներից կազմված՝ նյարդաբան, որը նաև հոգեբույժ էր, թերապևտ ու վիրաբույժ: Եղել են նաև բուժքրոջ ամենօրյա այցելություններ: Մենք առաջարկել ենք հիվանդանոց տեղափոխել, բայց հարազատները հրաժարվել են»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ արդեն մայիսի 20-ին` ժամը 19:15-ին, հարազատներն ահազանգել են ու, թեեւ շտապ օգնությունը 15-րոպեում եղել է իր կողքին, այնուամենայնիվ փրկել չի հաջողվել, Մամիկոն Խոջոյանը մահացել է:





























