Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զաքարյանը 90-ականներին «մազութի գործով» քննության շրջանակում երկար ժամանակ հետախուզման մեջ է գտնվել: Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է հայտարարել:

«Այդ մարդու հետեւից հանցագործությունների շարան է ձգվում: Նրան երկար ժամանակ մազութի (մատակարարումների գողություն` 90-ականներին – Խմբ.) գործով, 4,2 մլն ԱՄՆ դոլարի անհետացման հետ կապված Հայաստանի արդարադատությունն է փնտրել: Զաքարյանը թաքնվում էր եւ չէր պատասխանում քննության հարցերին», - ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:

Նրա համոզմամբ, ոչնչով լավը չէ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Պատգամավորը վերջինիս «կոռուպցիոն դատական բուրգի եւ մարտի 1-ին գործի դրված կեղծարարությունների գլխավոր ճարտարապետ» է անվանել:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հասցեին էլ ողջ հասարակությունն է, առանց չափազանցության, հայհոյանքներ տեղում, հավելել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը, նկատելով. «Դա մի մարդ է, ով անդամալույծ է արել Երեւանի ճարտարապետական պատկերը, Հրազդանի կիրճի կանաչ գոտիներն ու Օպերայի շրջակայքը, Օղակաձեւ զբոսայգին, ով այդպիսի տգեղ տեսք է տվել քաղաքի կենտրոնին»: