«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի եւ նրա որդու՝ Շահեն Հարությունյանի, գործն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունվել է վարույթ, իսկ դատական նիստի օրը հայտնի կլինի 25 օրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան՝ Ինեսա Պետրոսյանը:
«Այսօր գործն ընդունվել է վարույթ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը: 25 օրից արդեն հայտնի կլինի դատական նիստի օրը: Նույնը վերաբերվում է նաեւ այս գործով մյուս կալանավորվածներին»,- ասաց նա:
Նշենք, որ հայր եւ որդի Հարությունյանների գործը դատարան էր ուղարկվել ապրիլի 4-ին:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:



























