Դժվար թե ձեզ հետաքրքրի իմ տատիկի կիսակառույց տունը, մայիսի 22-ին լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Այդ տունը, ըստ նրա, տատիկը ստացել է դեւեւս 70-ականներին եւ իրեն կտակել նախքան քաղաքականությամբ զբաղվելը:
«Երեւի ձեզ չի հետաքրքրի նաեւ այն սենյակը, որում ապրել եմ 8 տարեկանից: Երեւի չի հետաքրքրի նաեւ 800 քմ տարածքը Դիլիջանում, որը ես աճուրդով ձեռք եմ բերել մոտ 3 տարի առաջ: Եվ հնարավոր է՝ հետաքրքրի տունը, որտեղ վերջերս եմ տեղափոխվել», - հայտարարել է Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ իր հայրը՝ Էդոնիս Հարությունյանը, Երեւանում հայտնի պրոֆեսոր էր: «Բոլորը հիշում են, թե որտեղ է եղել նրա տունը՝ Թումանյան փողոցի վրա՝ «Անուշ» գաստորոնոմի դիմաց: Երբ ես նախարար դարձա, իմ հոր մահվանից հետո մենք որոշեցինք վաճառել այդ բնակարանը եւ ինձ համար գնել մեկ ուրիշը Զաքյան փողոցում», - պարզաբանել է Հարությունյանը:
Հարությունյանը եւս մեկ սեփական տուն ունի Դավթաշենի քոթեջային էլիտար թաղամասում: Սակայն, հավելել է նա, տան հողատարածքն ինքը ձեռք էր բերել նախարար դառնալուց շատ առաջ, երբ այդ դրանով դեռ ոչ ոք չէր հետաքրքվում: «Այն ժամանակ այդ հողատարածքը շատ էժան էր, քանի որ այնտեղ Հրազդան գետի վրայի կամուրջը դեռ չէին կառուցել, եւ հող այնտեղ շատ քչերն էին գնում: Ես այն գնեցի երեք ընկերներիս հետ, որոնք հետագայում դարձան իմ հարեւանները», - ընդգծել է Հարությունյանը:





























