Այս տարի Forbes-ը առաջին անգամ 20 նախկին խորհրդային քաղաքների վարկանիշային ցանկ է ներկայացրել, որոնք գործարարության տեսանկյունից ռուսաստանցիների համար հետաքրքրություն են ներկայացնում:
Վարկանիշային գործակիցները հաշվարկելիս որպես չափորոշիչ են ծառայել ոչ միայն բնակչության վճարունակությունը եւ հարկային բեռը, այլ նաեւ` վիզային ռեժիմի առկայությունը, ռուսերեն լեզվի կարգավիճակը եւ ոչ-ռեզիդենտ ընկերությունների գրանցման պայմանները:
Վարկանիշները հետխորհրդային տարածքում աշխատող ռուսաստանցի ձեռնարկատերերի անձնական փորձի վրա են հիմնված:
Երեւանը հիշյալ ցանկի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Առաջին տեղում Մոսկվան է: Այուհետեւ, ըստ հերթականության, հետեւում են Մինսկը, Տալլինը, Վիլնյուսը, Ալմաթան, Աստանան, Ռիգան, Կիեւը, Երեւանը, Թբիլիսին, Բաքուն, Խարկովը, Բիշկեկը, Օդեսան, Դոնեցկը, Դնեպրապետրովսկը, Քիշնեւը, Դուշանբեն, Աշխաբադը եւ Տաշքենտը:
Պարբերականը Երեւանի մասին հետեւյալ տվյալներն է բերում` բնակչությունը` 1 130 000 (որից ռուսներ` 0,6 տոկոս), միջին աշխատավարձ` 415 ԱՄՆ դոլար, 2013թ. իրականացված մասնավոր փոխանցումների ծավալը` 1,87 մլրդ ԱՄՆ դոլար (համադրելի է օտարերկրյա ներդումների հետ` 1,94 մլրդ ԱՄՆ դոլար), 2013թ. արտաքին առեւտրի շրջանառության Ռուսաստանի բաժինը` 24,3 տոկոս:
«Ամենախոշոր մասնավոր օտարերկրյա ներդրողը 2013թ. տվյալներով արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է (ներդումների ծավալը` 76 մլն ԱՄՆ դոլար): Էռնեկյանին է պատկանում Երեւանի նոր օդանավակայանը, տեղական Կոնվերս Բանկը, «Հայփոստ» փոստային համակարգը, գինու արտադրությամբ զբաղվող «Կարաս» ընկերությունը: Հայաստանը երախտագիտությամբ է պատասխանում նրան. երկրի ԱԳՆ-ն պատրաստվում է այլ շենք տեղափոխվել` քաղաքի կենտրոնում գտնվող շինությունն Էռնեկյանը գնել է 51 մլն ԱՄՆ դոլարով եւ այն պատրաստվում է հինգ աստղանի հյուրանոց դարձնել», - գրում է պարբերականը:




























