Բաքվի նախկին բնակչուհի Թամարա Միրզոյանը ղարաբաղյան պատերազմում որդուն է կորցրել: 1973թ.-ին ծնված Սերգեյ Միրզոյանը 1994թ.-ին անհետ կորել է:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Թամարա Միրզոյանը, իրենց ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 1988թ.-ին, երբ ղարաբաղյան շարժման պատճառով Ադրբեջանում հայերի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին: Բաքվում բնակարանը հաջողվեց փոխել Հայաստանի գյուղական միջավայրում բնակարանի հետ:

Որդուն բանակ են զորակոչել 1992թ.-ին: 6 ամսվա ծառայությունից հետո նրանք Գորիս ուղարկեցին: Զինծառայությունը մոտենում էր ավարտին, երբ Միրզոյաններին ծանուցեցին՝ Սերգեյը Հորադիզում անհետ կորել է:

«Ամուսնինս գնաց, մի քանի շաբաթ որոնեց, սակայն որեւէ հետք չգտավ»,- նշել է Թամարա Միրզոյանը:

Թամարա Միրզոյանի երկրորդ որդին երեք երեխա ունի: Որդիներից մեկին անհետ կորած հարազատի պատվին Սերգեյ են անվանել: