Աիդա Պողոսյանի փոքր որդին ծնվել է 1993թ.-ի հունվարին՝ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Աիդայի ամուսինն անհետ կորել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում:
«Ամուսինս անհետ կորել է 1992թ.-ի սեպտեմբերի 28-ին Լաչինում»,- պատմել է Աիդա Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Ավշար գյուղի բնակիչ Վլադիմիր Պողոսյանը, ով ծնվել է 1959թ.-ին, պատերազմին կամավոր էր մեկնել:
«Ջոկատը հայտնվել է շրջափակման մեջ: Մարտի հետեւանքով ադրբեջանցիները գրավել են տարածքը: Մեկ շաբաթ անց հողի փոքրիկ կտորը հետ գրավեցին: Սակայն ջոկատի մի մասը անհետ կորավ»,- նշել է Աիդա Պողոսյանը:
Աիդա Պողոսյանն ունի չորս երեխա եւ երկու թոռնուհի: Փոքր տղան ծնվել է ամուսնու անհետ կորելուց 4 ամիս անց:




























