«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» լրագրողը Ազգային ժողովում նկատել էր, թե ինչպես դեղին կպչուն թղթիկներով փակված են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի աշխատասենյակի դռան վերեւում տեղադրված տեսախցիկները։ Նկատենք, որ գեներալների համատեղ աշխատասենյակը հաճելի ժամանցավայր է ինչպես շատ ՀՀԿ-ական պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի (Շմայս), Հովհաննես Սոֆոյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնիի), այնպես էլ երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար, որը երեկ եւս այցելել էր գեներալներին։ Վերջինս, իդեպ, հանձինս գեներալների՝ հարմար տանիք է գտել, հատկապես՝ լրագրողներից պաշտպանվելու կամ նրանց վրա հարձակվելու փորձեր կատարելու դեպքերի համար։ Թեեւ կարելի է ենթադրել, որ պատգամավորուհին գեներալներից հայրենասիրության դասեր է քաղում, եւ նրա հաճախակի այցելությունները պայմանավորված լինեն նաեւ հայրենիքի հանդեպ սիրով։ Իսկ ինչ վերաբերում է գեներալների հյուրերի ներս ու դուրս անելը գաղտնի պահելուն, ապա մի շատ «հոգատար» ձեռք խնամքով փակել էր տեսախցիկները՝ անտեսելով, որ դրանց համար հսկայական գումարներ են ծախսվել։Երբ «ՉԻ» լրագրողը Ազգային ժողովում փորձել էր գեներալ Մանվել Գրիգորյանից ճշտել, թե ինչո՞ւ են փակված իր աշխատասենյակի դռան վերեւի տեսախցիկները, գեներալը իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր. «Մեռնեմ, թե խաբար եմ»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























