«Աջ սեկտորի» ներկայացուցիչները Լուգանսկի ժողովրդական հանրապետության ակտիվիստների հետ բանակցությունների ընթացքում Պրիվոլյեում գնդակահարել են ժամկետային 30 զինծառայողի, որոնք հանձնել էին զենքն ու միացել ապստամբներին: Այս մասին մայիսի 22-ի ուշ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԼԺՀ-ի ապստամբների ջոկատի ներկայացուցիչ Օստապ Չյորնին:
«Այսօր ազդանշան է ստացվել Լիսիչանսկ քաղաքից, որ զինվորականները փորձում են գրոհել քաղաքը: Մենք խումբ ենք առաջարկել՝ բանակցությունների համար», - ասել է նա:
Ըստ նրա՝ «Ուկրաինայի ազգային գվարդիայի շարասյանը հետեւից արգելափակել էին քաղաքացիական անձինք, կանայք եւ երեխաներ»:
«Բանակցությունների ընթացքում հրաձգություն էր սկսվել, եւ Լուգանսկի բանակից յոթ մարդ սպանվել էր, 16-ը՝ վիրավորվել», - հայտնել է Օստապ Չյորնին:
«Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի բանակի այդ ջոկատից 30 մարդ հանձնել էին զենքերը եւ միացել բնակչությանը: Ըստ վերջին տեղեկության՝ «Աջ սեկտորի» մարտիկները կրակել էին նրանց վրա», - հավելել է ականատեսը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ պատմել է, որ մարդիկ «բաց տարածքում են եղել, ոչ ոք չէր թաքնվել, որից հետո սկսել են կրակել»: Այնուհետեւ «մարտն ընթացել է կես ժամ, ուղեկցվել ականանետների կրակոցներով, տներ են այրվել», նշել է ԼԺՀ-ի ապստամբության ներկայացուցիչը:





























