ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարող են երկրի քաղաքական դրության կայունացման բանալի դառնալ: Նրա հայտարարությունը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում:
Իր ուղերձում Բան Կի-Մունը նշում է, որ ուկրաինացի ընտրողները պետք է նախընտրական քարոզարշավը դիտարկեն որպես «երկրին ավելի կայուն հարթություն դուրս գալուն օգնելու, ինչպես նաեւ շրջադարձային պահին երկրի ղեկավարությունը որոշելու հնարավորություն»:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի արեւելքում բանակային անցակետի վրա հարձակումը, որը խլել է տասնյակ մարդու կյանք, անհանգստացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Այդ կապակցությամբ նա հիմնախնդրի բոլոր կողմերին կոչ է արել «բազմապատկել իրենց ջանքերը եւ օգնել ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ընտրողները կարողանան ազատ մասնակցել քվեարկությանը՝ չվախենալով իրենց անվտանգության համար», փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:





























