Աշխարհազորայինների հետ մարտի ընթացքում եւ շրջապատումը ճեղքելիս «Դոնբաս» գումարտակի մարտիկները կեսը վիրավորվել են: ՈւՆՆ գործակալությամբ վկայակոչմամբ, այս մասին գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն է հայտնել:

«Հիմնական մասին հաջողվել է շրջապատումից դուրս գալ: Անձնակազմի 50 տոկոսը վիրավոր է, նրանցից շատերը արյան մեծ կորուստ ունեն: Բոլորին Կրասնոարմեյսկ քաղաքի անցակետ ենք տեղափոխել:

Շրջապատման մեջ մնացած խմբի հետ մինչ այս պահը հեռախոսակապ էր պահպանվում: Քիչ առաջ հաղորդեցին, որ կապը խզվել է:

Մարտիկների մոտ փամփուշտների պակաս է զգացվում: Նրանց մոտենալ հնարավոր չէ` դիպուկահարներ են աշխատում: Շենքին մոտենալու եւ տղաներին տարհանելու համար զրահակիր է հարկավոր: Լցակայանից այն կողմ շարժվել չի հաջողվում:

Հիվանդանոցը, որտեղ վիրավորներին ենք տեղափոխել, պահպանության տակ է գտնվում: Շրջապատումն անվնաս ճեղքած մարտիկները հետ են վերադառնում: Շրջապատված խմբի գրեթե բոլոր անդամները վիրավոր են:

Համոզված եմ, որ մեր տեղաշարժի ուղին նախօրոք հայտնի է եղել ահաբեկիչներին: Քանի որ սովորական անցակետերում անջատողականների այդպիսի կուտակումներ սովորաբար չեն նկատվում: Մեր դեմ հատուկ պատրաստություն անցած չեչենական ջոկատներ են գործում:

Հակաահաբեկչական գործողությունների եւ Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը տեղյակ է ստեղծված իրադրությունից: Խնդրել ենք, որ օժանդակ ուժեր եւ զրահակիր ուղարկեն», - նշել է Սեմենչենկոն:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «Դոնբաս» գումարտակի մարտիկները Դոնեցկի մարզի Կարլիվկա գյուղի մոտ շրջապատման մեջ են ընկել եւ մարտի բռնվել հակառակորդի հետ: