Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը, որը երկու շաբաթ է՝ հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, մայիսի 22-ի երեկոյան քանդել է բերանի կարերը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ Դավիթն այժմ գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ, ձեռնարկվում են համապատասխան բոլոր միջոցառումները` հետվերականգնողական շրջանը դյուրին անցնելու համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ասաց, որ եղբայրն է համոզել քանդել բերանի կարերը:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը այս քայլին էր դիմել, երբ մայիսի 8-ին մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: