«Գազպրոմի» կողմից Չինաստանին հատկացվելիք գազի 1000 խորանարդ մետրի գինը 350 ԱՄՆ դոլարից էլ բարձր է լինելու: Այս մասին այսօր, Պետերբերգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի կուլիսներում, կոնցեռնի կառավարման խորհրդի նախագահ, «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Մեդվեդեւն է հայտնել:
Հարցին ի պատասխան, թե արդյոք գազի գինը 350 դոլարից էլ բարձր է, թոփ-մենեջերը նշել է. «Այն էլ որքան»: Այնուհետեւ նա հավելել է, որ «հիմա ամեն մի տնային տնտեսուհի ցանկանում է այդ գինն իմանալ, բայց դա տեղին չէ», - հաղորդում «Ռոսբալտը»:
Հիշեցնենք` 2014թ. մայիսի 21-ին «Գազպրոմը» եւ Չինական ազգային նավթագազային կորպորացիան արեւելյան երթուղով ՉԺՀ-ին գազի մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել: Փաստաթղթի ընդհանուր արժեքը 400 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում: Համաձայն պայմանավորվածության, Ռուսաստանը առաջիկա 30 տարիների ընթացքում պետք է տարեկան 38 մլրդ խ.մ. գազ տրամադրի Չինաստանին:





























