«Տրանսպորտի օլիգարխը Գալուստ Սահակյանն է, Հարավ արեւմտյան թաղամասի բոլոր գծերը Սամվել Ալեքսանյանն է, Թոխմախում` Մհեր Սեդրակյանն է: Տպավորություն է, որ ամեն օլիգարխ պետք է «բռիլոկի» նման մի քանի գիծ ունենա իր թաղամասում»: Այս մասին այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Դավիթ Գեւորգյանը` անդրադառնալով այն քաղաքացիներին, ովքեր արդեն մեկ տարի ներկայանում են ուղեւորափոխադրողներ եւ պահանջում տրանսպորտի գինը թանկացնելու համար:

«Նրանք, ովքեր ներկայանում են ուղեւորափոխադրողներ, իրական գծատերերը չեն: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ավանի բոլոր գծերը Տարոն Մարգարյանինն են, ՀԱԹ-ինը` Սամվել Ալեքսանյանին են պատկանում, իսկ տրանսպորտի օրիգարխն էլ ԱԺ նորաթուխ նախագահն է`Գալուստ Սահակյանը: Ես նորություն չեմ ասում, այս մասին բոլորը գիտեն, նույնիսկ ուղեւորափոխադրողներն են ժպիտով ընդունում, որ գծատերն իրենք չեն»,- ասաց նա:

Դավիթ Գեւորգյանի խոսքով` քաղաքապետարանն իրական հաշվարկներ չի կատարում, ընդամենը սպասում է, թե երբ է Բաղրամյան 26-ից պատվերը գա` սակագինը բարձրացնելու:

«Մենք մոտ մեկ տարի առաջ հանդիպել ենք ուղեւորափոխադրողների հետ, բազմաթիվ հարցեր ենք տվել, իրենք պատասխաններ չունեն: Նրանց ներկայացրած տվյալներով` ամեն գծատեր տասը միլիոն դոլար վնաս է կրել: Մենք ավելի լավ երկրում կապրենք, եթե նման բարերար գործարարներ ունենայինք: Դուք աշխարհում տեսել եք գործարարներ, որոնք վնասով են աշխատում: Մենք քաղաքապետարանից վերցրել են հաշվարկների ցուցակը, որով երեւում է, թե ոնց են հաշվարկվում ծախսերը: Եկեք ինձ բացատրեք, թե ոնց է յուղը երեք հազար դրամ, չորս տարին մեկ անգամ փոխում են փոխադրամիջոցները, բայց նման բան չկա: Ցույց տվեք Երեւանում նոր մի գազել, էլ չեմ ասում, որ հաշվարկի մեջ ներկայացված գազելի գինը չի համապատասխանում իրական արժեքին»,- ավելացրեց քաղաքացիական նախաձեռնության անդամը:

Նշենք, որ արդեն մոտ մեկ տարի է` ուղեւորափոխադրող ընկերությունները պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը, քանի որ վնասով են աշխատում, մինչդեռ քաղաքացիական հասարակության համոզմամբ` հարյուր դրամն էլ է շատ տրանսպորտի համար: