«Յանդեքս.Գումար» ընկերության Մոսկվայի գրասենյակում քննչական գործողություններ են ընթանում: Այս մասին, կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով, Lenta.ru գործակալությունն է հայտնում:

Ընկերության մամուլի ծառայությունից եւս գործակալությանը հաստատել են, որ «մի քանի հաճախորդների նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում»:

Առավոտյան գրասենյակ են ներկայացել մի քանի համազգեստավոր մարդիկ. այցի արդյունքում, համաձայն գործակալության զրուցակցի կողմից հաղորդված տեղեկությունների, գրասենյակի աշխատանքները մասամբ դադարեցվել են:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ քննչական մարմինները սկսել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների մոտ խուզարկություններ անցկացնել: Նշվում է, որ հիշյալ գործողությունները 2013թ. Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Նավալնիի քարոզարշավը ֆինանսավորման կարգի խախտմամբ կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում են իրականացվում: Նշենք, որ քարոզարշավի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը «Յանդեքս.Գումար»-ի միջոցով էր իրականացվում: