Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ հնչած կրակոցների գործով ձերբակալվել են 29-ամյա Մաթեւս Կարապետյանն եւ 28-ամյա Էդվին Թադեւոսյանը, իսկ 34-ամյա Վարդան Հարությունյանին ոստիկանությունը փնտրում է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթեւոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադեւոսյանը եւ 1980 թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադեւոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը եւ Է. Թադեւոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադեւոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:

Էդվին Թադեւոսյանը եւ Մաթեւոս Կարապետյանը ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ վիճաբանողներն ու կրակողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են: